Տուրի շրջանակներում առաջինը կայցելենք Չարենցի կամար /Արարատի կամար հուշարձան/: Այն գտնվում է 1500 մ բարձրության վրա: Կամարից տեսանելի է Արարատ լեռն իր ողջ հմայքով: Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից 2 տող՝

Աշխարհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Որպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։

Այնուհետև կայցելենք Գառնու տաճար: Գառնիի ամրոցը Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից է՝ կառուցված Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Ազատ գետի կիրճում եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա կառուցված համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100 մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մ երկարությամբ պարսպապատով։ Հետո կայցելենք Քարերի սիմֆոնիա բնական հուշարձան, որն անվանում են նաև «Բազալտե երգեհոն»: Այն իրենից ներկայացնում է հնգանկյուն, վեցանկյուն բազալտե սյուներ /մոտ 50մ/, որոնք իրենց սիմետրիկությամբ նմանվում են ձեռակերտ հուշարձանի: Կիրճով հոսում է Ազատ գետը և ջրի աղմուկը համալրում է երգեհոնի պատկերը: Այնուհետև կուղևորվենք Գեղարդի վանական համալիր, որը կգերի Ձեզ իր գեղեցկությամբ, մոգությամբ և շքեղությամբ: Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ այն տեղում, որը նախաքրիստոնեական շրջանում սրբատեղի է եղել: Այնուհետև կուղևորվենք Ծաղկաձոր, որտեղ կայցելենք Կեչառիս վանական համալիր, ցանկության դեպքում կարող եք այցելել նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարան և ճոպանուղի: Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց։ Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում։ Այդպես էլ արվում է։ Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ։ Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորը սկսում է կոչվել Ծաղկաձոր։ Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն։ Կառուցվում է Կեչառիսի վանքը։ Վանք այցելությունից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Սևանավանք: Ազատ ժամանակ կունենաք նաև վայելելու կապուտակ Սևանը:

 Սկիզբ – 09:00, Մաշտոց 49 /Մատենադարանի դիմաց/

Տևողություն –   12  ժամ

Արժեք – 3200 դրամ

Ամրագրման և հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
☎️+374 10 54 10 07
📞+374 94 54 10 07
📞+374 91 150 150

ՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿ: Տուրեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով