ԲԱՍՎՈՅԱԺ

Ջերմուկը առողջարանային քաղաք է Հայաստանի Վայոց Ձորի մարզում՝ Երևանից 173կմ հեռավորության վրա:

Ջերմուկում շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճն է գահավիժում ջրվեժը, որ թափված վարսեր է հիշեցնում. ժողովուրդը ջրվեժն անվանել է «Ջրահարսի վարսեր»: Ջերմուկի ջրի զորության մասին լեգենդներ են հյուսվել:

Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, Ջերմուկի անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով։ Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և… այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը: