Տուրի շրջանակներում կուղևորվենք Արագածոտնի մարզ Թալին քաղաք: Այն Երևան քաղաքից 68 կիլոմետր հեռավորության վրա է։ Հնագիտական պեղումներից պարզվում է, որ Թալինը բնակելի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ ըստ Թովմա Արծրունու «Պատմության», Թալինը հիմնադրել է Անանիոս Բագրատունի իշխանի կողմից 9-10-րդ դարերում։ Պահպանվել է VII դարի եկեղեցի։ Գործում է Սբ. Աստվածածին եկեղեցին։  Այնուհետև ճանապարհը կշարունակենք Թալինից 5 կմ հեռավորությամբ գտնվող գյուղ Դաշտադեմ: Այն ծովի մակարդակից բարձր է 1450մ: Գյուղում է գտնվում Քաղենիի ամրոցը: Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174 թվականին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել: Ամրոցից երևում է գյուղից 2.5 կմ հարավ գտնվող Քրիստափոր եկեղեցին՝ թվագրվում է Vll դար։ Եկեղեցուց քիչ հյուսիս պահպանված է զանգակատունը: Այնուհետև կուղևորվենք Գյումրի: Կշրջենք քաղաքի հին թաղամասերում և փողոցներում: Կտեսնենք Սև բերդ ամրոցը, շքեղ եկեղեցիներ՝ Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև Սուրբ Միքայել հրեշտակապետ եկեղեցի, կայցելենք նաև Սև բերդ: Ցանկության դեպքում կարող եք այցելել Ձիթողցոնց տուն-թանգարան, որը նաև հայտնի է որպես Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան: Այստեղ կծանոթանանք Գյումրի քաղաքի կյանքին, մշակույթին, պատմությանը և գյումրեցու առօրյային: Հետաքրքիր են նաև Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի տուն-թանգարանները: Այնուհետև կայցելենք Մարմաշենի վանք, որը եղել է միջնադարյան Հայաստանի ճանաչված կրոնական և մշակութային կենտրոնը, ունեցել՝ ձեռագրերի հսկայական պահարան, դպրոց: Վանքը բաղկացած է երեք շինություններից` հիմնականը` Սուրբ Կաթողիկեն, և երկու փոքր եկեղեցի: Մարմաշենում է գտնվում նաև ՙՀեղնար աղբյուրը՚: Աղբյուրի պատմությունը ներկայացնում է Մկրտիչ Արմենն իր ՙՀեղնար աղբյուր՚ վիպակում, որը գրել է 1955 թ., որի հիման վրա էլ 1970թ. նկարահանվել է համանուն ֆիլմը՝ Սոս Սարգսյանի մասնակցությամբ: Վեպը  աղբյուրներ կառուցող հայտնի վարպետ Մկրտիչի մասին է։ Նրա երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրահարվում է ուրիշին։ Երբ Ուստա Մկրտիչը հայտնաբերում է իրողությունը, կնոջ սիրտը ճաքում է: Կնոջ մահվանից հետո վարպետը նրա հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար: Աղբյուրը վերակառուցվել է 2018 թվականին և լրիվ կրկնօրինակում է ֆիլմի աղբյուրը, պահպանվել է նաև աղբյուրի հրաշքը:

 

Սկիզբ – 08:00, Մաշտոց 49 /Մատենադարանի դիմաց/

Տևողություն –   12  ժամ

Արժեք – 3200 դրամ

Արժեքը չի ներառում՝  Սնունդ, Գյումրիում թանգարանների մուտքավճարներ

Ամրագրման և հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
☎️+374 10 54 10 07
📞+374 94 54 10 07
📞+374 91 150 150

ՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿ: Տուրեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով