Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում գնտվող Հին Խնձորեսկ կոչվող բնակավայրում մարդիկ ապրել են քարանձավներում ընդհուպ մինչև 1950-ական թվականները: Ասում են, որ վերջին քարանձավաբնակ մարդը լքել է իր «կացարանը» 1958թ.-ին: Այժմ այդ քարանձավներով հիանում են բազմաթիվ զբոսաշրջիկներ և զարմանում, թե մինչև ո՞ւր կարող էր հասնել մարդկային երևակայությունը: Սա այն վայրն է, որի մասին կարելի է ասել՝ մարդը բնությունը ենթարկել է իր կամքին և առավելագույնն է վերցրել նրանից: Խնձորեսկի ձորը իր բնական քարե բուրգերով մարդկային երևակայությունը տեղափոխում է այն հեռավոր ժամանակաշրջանը, երբ երկրում ապրում էին հսկաներ: Չնայած իր փոքր տարածքին, Խնձորեսկը հարուստ է պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներով ու տեսարժան վայրերով: Դրանցից ամենահայտնին թերևս Խնձորեսկի ճոճվող կամուրջն է: Դրան հասնելու համար պետք է մոտ 15 րոպե քայլել դրախտ հիշեցնող արահետով: Կամուրջը կառուցել են տեղի բնակիչները: Այն ունի 160մ երկարություն, 63 մ առավելագույն բարձրություն և 14 տոննա քաշ: Իդեալական վայր է ադրենալինի սիրահարների համար: