Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրը Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Համալիրը բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։
Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդ դահլիճը շահագործման է հանձնվել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։
Համալիրը հյուրընկալել է հանրահայտ արվեստագետներ Թոմաս Անդերսին, Միշել Լեգրանին, Դեմիս Ռուսոսին, Յան Գիլանին, Լա Սկալա օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին, Բոնի էմ խմբին, Յանիին և այլոց: Մարզահամերգային համալիրում են անցկացվել նաև Շախմատի միջազգային օլիմպիադան, Եվրոպայի ուշույի առաջնությունը, բասկետբոլի համահայկական խաղերը, ինչպես նաև ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, գեղասահքի տարբեր առաջնություններ: