Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների աշխատանքները: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան՝ Երևանի համայնապատկերը, որտեղից Երևանն ասես ափի մեջ լինի:

Հինգերորդ մակարդակի վրա տեղադրված է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակը խորհրդանշող հուշասյունը, իսկ արևային ժամացույցը ցույց է տալիս կյանքի անվերջանալի ընթացքը:

Կասկադը հայտնի է բաց երկնքի տակ անցկացվող համերգներով ու հրավառություններով, յուրահատուկ արձաններով, փոքրիկ ջրվեժներով: Համալիրը երեխաների, տարեցների ու երիտասարդ զույգերի ամենասիրելի վայրն է:

Яндекс.Метрика