Թբիլիսին (հնում՝ Տփղիս, մինչև 1936-ը՝ Թիֆլիս) անունն ստացել է տարածքում բխող տաք (վրացերեն՝ թբիլի) ծծմբային աղբյուրներից: Թբիլիսիի՝ որպես մայրաքաղաքի պատմությունն սկսվում է 5-րդ դարից: Իր 1500-ամյա պատմության մեջ Թբիլիսին եղել է Կովկասում կարևոր մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոն:
Թբիլիսին հայտնի է իր հին և նոր տեսարժան վայրերով. Նարիկալա ամրոց, Մցխեթա, ծծմբի բաղնիքներ, ապակյա կամուրջ, բուսաբանական այգի, բազում թանգարաններ և այլն:
Մեծ է հայերի ավանդը Թբիլիսիի զարգացման գործում: Վաղ ժամանակներից այն եղել է բազմաթիվ հայ գրողների, հրապարակախոսների, մշակութային և քաղաքական գործիչների հավաքատեղի: Երկար ժամանակ այնտեղ է գործել աշուղ Սայաթ-Նովան: Այժմ էլ այնտեղ գործում են բազմաթիվ հայկական եկեղեցիներ, փողոցներ և հրապարակներ են անվանակոչվել ականավոր հայերի անուններով և այլն: